National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.10.2009
Խորհրդարանական լսումներ` «Հեռուստահեռարձակման թվայնացման գործընթացը Հայաստանում եւ դրա ներդրման հետեւանքները Հայաստանում» թեմայով

Հոկտեմբերի 22-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների թեման Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացն էր եւ  դրա  ներդրման ենթադրյալ հետեւանքները:

Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ թեեւ տեխնիկական նորամուծությունները նոր հնարավորություններ եւ հեռանկարներ  կբացեն, բայց առաջ կբերեն նաեւ նոր հարցադրումներ:  Ըստ Արտակ Դավթյանի` հեռուստառադիոհեռարձակման թվայնացումը բնակչության որոշ հատվածի չպետք է զրկի հեռարձակում ստանալու հնարավորությունից. պետք է հաշվի առնել քաղաքացու  շահը: Հաջորդ կարեւորագույն խնդիրն այն է, որ պետք է ապահովի ոչ միայն զանգվածային լրատվամիջոցների   բազմակարծությունը, այլեւ տարակարծությունը.  ալիքների բազմազանությունը դեռ չի նշանակում  բազմակարծության ավելացում: Հանձնաժողովի նախագահը քննարկվող հարցի համատեքստում կարեւորեց սպառողների շահերի պաշտպանությունը, հատկապես բնակչության խոցելի հատվածների եւ երեխաների շահերի պաշտպանության խնդիրը,  ինչպես նաեւ` եթերից ատելության սերմանման բացառումը: Նա նկատեց, որ բազմաշերտ գործընթացի իրականացման ճանապարհին առաջանալու է օրենսդրական փոփոխությունների կարիք, եւ այդ հարցում մեծ է լինելու հանձնաժողովի կատարելիք աշխատանքը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ելույթ ունեցավ «Թվային հեռուստառադիոհեռարձակման իրականացման հայեցակարգը. հնարավորություններ եւ հիմնախնդիրներ» թեմայով:  Նա տեղեկացրեց, որ հեռուստառադիոհեռարձակման թվայնացման  վերաբերյալ հայեցակարգը ներկայումս գտնվում է քննարկման փուլում, որի նախնական տարբերակին կարելի է ծանոթանալ նախարարության կայքէջում: Նշելով, որ զարգացած եւ զարգացող երկրներն  արդեն բավականին առաջ են  գնացել թվայնացման հարցում, նա կարեւորեց գործընթացին  Հայաստանի մասնակցությունը:  Ըստ նախարարի` հեռուստառադիոհեռարձակման թվայնացումը հնարավորություն կընձեռի ոչ միայն հեռուստացույց դիտել, այլ նաեւ ինտերակտիվ մասնակցություն ունենալ, ինչը նշանակում է` կմատուցվեն բարձր տեխնոլոգիական` ինտերնետային, տեսա եւ հեռախոսային կոնֆերասների անցկացման ծառայություններ: Այլ կերպ ասած` էլեկտրոնային միջավայրով հնարավոր կլինի անել ցանկացած գործողություն: Այս ամենը կարելի կլինի իրականացնել ինտերնետ  ունենալու պարագայում: Ծառայությունները կլինեն վճարովի, տարբեր փաթեթների տեսքով: Նվազագույն փաթեթը կլինի անվճար եւ բնակչության որոշ անվճարունակ հատվածներ պետության հովանավորությամբ կօգտվեն նվազագույն  փաթեթից: Պարոն Երիցյանը  նշեց, որ նախատեսվում է կատարել օրենսդրական փոփոխություններ, ինչը նախատեսված է ավարտել մինչեւ 2010 թվականի հուլիսը:

Թվայնացման գործընթացի վերաբերյալ «Հեռուստահեռարձակման թվայնացումը. մոտեցումներն այլ երկրներում /Մեծ Բրիտանիա/ եւ պրակտիկ խնդիրների լուծում» թեմայով ելույթ ունեցավ ԵԽ փորձագետ Ջեյմս Բրիգսը: Նա ներկայացրեց  Մեծ Բրիտանիայի փորձը, տարբեր երկրներում գործող չափորոշիչները, ինչպես նաեւ` անալոգայինից թվային հեռարձակման անցման դեպքում ակնկալվող օգուտներն ու առավելությունները: Ըստ նրա` Հայաստանում թվայնացման գործընթացի ավարտման համար նախատեսված 5 տարին բավական է:

«Գերբարձր հաճախականության տիրույթի /սպեկտր/ օգտագործումը Հայաստանում» թեմայով ելույթով ունեցավ ԵԽ փորձագետ Ալեք Թոմասը: Նա նշեց, որ տեխնիկական տեսանկյունից ճիշտ չի համարում նոր անալոգային լիցենզիաների տրամադրումը հատկապես Երեւանում: Ըստ  նրա` Երեւանում գերբարձր հաճախականության օգտագործումը եւ վերօգտագործումը շատ ավելի  բարձր է, քան Հայաստանի այլ քաղաքներում, ինչը բնական է նման թվով բնակչության առկայության դեպքում: Նա նկատեց նաեւ, որ Երեւանում կան նաեւ այլ չօգտագործվող ալիքներ, որոնք հնարավոր է, որ օգտագործվեն թվայնացումից հետո:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը ելույթ ունեցավ «Բազմակարծության եւ վերահսկելիության ապահովումը թվային հեռուստառադիոհեռարձակման պայմաններում» թեմայով:  Նա անդրադարձավ հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու կարգին, նշեց, որ թվայնացումից հետո հեռուստաընկերություններին լիցենզիա կտրվի ավելի երկար ժամանակով, քան այժմ է: Նա տեղեկացրեց, որ թվայնացման գործընթացից հետո հեռուստաընկերություններում վերահսկողություն կիրականացվի` օգտագործելով եւ տեղական, եւ միջազգային փորձը: Կսահմանվեն դրույթներ, որոնք կապահովեն նաեւ բազմակարծությունը, բովանդակային բազմազանությունը, տեղեկատվության մատչելիությունը: 
 
Լսումների ընթացքում եղան թեմատիկ այլ ելույթներ եւս: Հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին լիցենզիաների տրամադրման կարգին, հեռուստառադիոընկերությունների առաջիկա անելիքներին, ենթադրվող ծախսերին,  լիցենզավորված հեռուստառադիոընկերությունների իրավունքներին եւ պարտականություններին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am